Լևոնը ջավախյան իմաստնության նորօրյա խտացումն էր, որը, պատմությունից սնվելով, արդիականությունը չի կորցնում: Բառի-խոսքի տիեզերքում տերուտնօրեն, հողի բույրն ու համը ճաշակած ռանչպար ու գրականության խոնարհ մշակ: «Գնում եմ Ծաղկաձոր»: Գնում էր Ծաղկաձոր աշխարհիկ կյանքի ունայնությունից հեռանալու ու իր գիրը շարունակելու, քանի որ գիրն էր, որ պիտի փրկեր աշխարհը: Այդպես է:
Նրա տեղը գրչի ու թղթի միջակայքում էր` գրչով լեցուն ու սպիտակ թղթի` դեռևս չգրված բառերի խառնարանում: Նա այն բացառիկներից էր, ում աչքերին կարելի էր նայել ու չխոսել ու ինքը կհասկանար: Նա այն բացառիկներից էր, ում կարելի էր չզանգել շաբաթներով ու ինքը կզանգեր` «Էս ո՞ւր ես, ո՞նց ես, ի՞նչ ես անում»: Նա այն բացառիկներից էր, որ կասեր` «Զգույշ եղիր, կուլ չգնաս»: Այս էր Լևոնը: Հայր էր: Ընկեր: Եղբայր: Սրտակից ու հոգու բարեկամ:
… Հայաստանը գնալով նեղանում - փոքրանում է Լևոնի տեսակի հեռանալով: Նախ` Այդինը, ապա` Լևոնը: Նրանք այն տեսակն էին-են, ում հոգու շռայլությունը երկիր է պահում, ում անչարությունը-ներողամտությունը-ըմբռնումը երկրի համար մի բաց դռան ելք է թողնում, ում սերը-հոգածությունը-ապրումը երկրի ամեն մի բջիջի համար կյանքի հնարավորություն է ստեղծում: Երկիրը սեղմվում-խեղճանում-տկարանում է, հողը թուլանում է, երկինքը տխրություն է արտածում: Նրանց հեռանալով:
Ջավախքի մաշված սարերի ծալքերում, սևահողի ամեն մի փշուրի ու անթառամների հավերժական դեղինի մեջ Լևոնի շնչառությունը կա: Նրա գրականությունը, նրա միտքը, նրա չապրած կյանքը ամփոփվելու է հի՜ն-մամռակալա՜ծ քարերի մեջ, հոգին` սարերից իջնող սառնորակ աղբյուրների հետ հոսելու է դեպի երկրի երակները: Բարալեթի սարերը արդեն քանի օր է կանչում են` Լևո՜ն: Ջավախյան արևը, ասում են, այս օրերին պայծառից պայծառ է շողում` Լևոնը ճամփա է ելել: Հավերժի ճամփորդը ճամփա է ելե՜լ…
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ